Շուշիի հայությունը, այդ թվում՝ այլ քաղաքներում բնակվող, ծագումով շուշեցիները, պատվախնդիր են գտնվել հատկապես թաղային եկեղեցիները բարեկարգ վիճակում պահելու հարցում: Հարկ է նշել, որ թաղային բաժանումները 19-րդ վերջին վերացան և ունեին սոսկ խորհրդանշական նշանակություն: Դրա ապացույցը Ղազանչեցոց Ամենափրկիչ Եկեղեցին է, որը կոչվեց նաև Մայր Եկեղեցի (1868-1888թթ.):

 
 


Ըստ արձանագրության, եկեղեցին կառուցվել է ժողովրդի միջոցներով, սակայն պատմաբան Մ. Բարխուդարյանը վկայում է, որ եկեղեցու եռահարկ զանգակատունը, որը գտնվում է եկեղեցու արևմտյան մասում, կառուցվել է 1858թ. Աբրահամ Խանդամիրյանի միջոցներով: Բուն եկեղեցու ճարտարապետության, կառույցի մասին գրվել են հիացմունքով տոգորված հոդվածներ: Ի ուրախություն բոլորիս, թեև վիրավոր, գեղեցիկ մանրամասները ավերված, այն կանգուն է և արդեն վերականգված ու գործում է: Վերականգնողական աշխատանքներն սկսվել էին 1982թ.: Զանգակատան “գետնահարկի չորս անկյուններում,- գրում է Մ. Բարխուդարյանը “Արցախ” աշխատության 142-րդ էջում,- դրված են չորս հրեշտակապետաց քարաշեն, բայց ճարտարվեստ, մարդահասակ բարձրությամբ արձաններ, որք ահարկու տեսլյամբ փչում են փողերը”:

Շուշիի ամենահին քարաշեն եկեղեցին Կուսանաց վանքի Եկեղեցին է: Այն կառուցվել է 1816թ. կույս Հռիփսիմեի “ձեռագործ աշխատանաց” միջոցներով և օժանդակությամբ Հռիփսիմեի հարազատ եղբայրների՝ Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Բահադուրյանների: Զանգակատունը ևս կառուցվել է բազմաշխատ կույս Հռիփիսիմեի միջոցներով:

Ագուլեցոց թաղային քարաշեն եկեղեցին կառուցվել է 1822թ. մեծահարուստ Թառումյան չորս եղբայրների միջոցներով:

Սուրբ Աստվածածին (Մեղրեցոց) քարաշեն եկեղեցին կառուցվել է Բ. Հախումյանի նվիրաբերած միջոցներով 1838թ.: Հախումյանները հետագայում ևս աչքի ընկան բարեգործություններով:

Հովհաննես Մկրտիչ (Ղարաբաղցոց) եկեղեցին կառուցվել է 1847թ.՝ ժողովրդից հանգանակած գումարներով: Եկեղեցին հայտնի է նաև Կանաչ ժամ անունով՝ կանաչագույն գմբեթի պատճառով:

Ռուսական եկեղեցին գտնվում էր քաղաքի թուրքական թաղամասում։

Շուշիի եկեղեցիներում պահվել են գրչագիր և տպագիր Ավետարաններ, մասունքներ: Չորս եկեղեցիներին կից գործել են ծխական դպրոցներ:

 
«ՇՈՒՇԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» հիմնադրամ, shushi@shushi.org