Արվեստի, արհեստների և զբոսաշրջության տեղեկատվական
Կ Ե Ն Տ Ր Ո Ն
2008թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 16 ամյակի տոնակատարություններին բացվեց Շուշիի Արվեստի, արհեստների և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը: Կենտրոնը, ինչպես նաև Կենտրոնին հարակից բարեկարգված հրապարակը քաղաքի զարգացման առանցքներից մեկի՝ Զբոսաշրջության, առողջարանային և համագումարների թաղամասի սիրտն է։ Կենտրոնում գործում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը, որի աշխատակիցները այցելուներին ու զբոսաշրջիկներին տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն և գրքույկներ ինչպես Շուշիի, այնպես էլ ամբողջ ԼՂՀ տեսարժան վայրերի, հանգստի անցկացման տարբերակների, հանգստյան գոտիների, զբոսաշրջության երթուղիների, Արցախի և Շուշիի ուշագրավ վայրերի, հուշանվերների վաճառքի կետերի, սպասարկման օբյեկտների, այլ ծառայությունների վերաբերյալ: Կենտրոնի ընդարձակ ցուցասրահը ամբողջովին ձևավորված է Շուշիի հին լուսանկերներով, քաղաքում դեռևս անցած դարում տպագրված գրքերով, ցուցասրահը կահավորվել է ժամանակի և դարաշրջանի դրոշմը կրող հնամենի կահույքով, որից ամենաարժեքավոր ստացվածքը Շուշիի մեծագույն որդիներից մեկի՝ Մուրացանի գրասեղանն է: Ցուցասրահը համալրված է Շուշիին նվիրված գրականությամբ, հայկական, այդ թվում և Շուշիին նվիրված հուշանվերներով։ Կենտրոնում տեղակայված Շուշիի ավանդական խոհանոցի փորձարկման սպասասրահ-խորտկարանը և բացօթյա սրճարանը՝ այցելուներին է առաջարկում բարձրորակ և յուրահատուկ կերակրատեսակներ, ինչպես նաև հատուկ Կենտրոնի համար արտադրվող գինու տեսականի: Կենտրոնում կա նաև հանգստի 2 սենյակ համապատասխան հարմարություններով, որոնք նախատեսված են Շուշիում գիշերել և պարզապես մի քանի ժամ անցկացնել ցանկացող զբոսաշրջիկների համար: Կենտրոնում է գտնվում նաև Հիմնադրամի Շուշիի գրասենյակը: Կենտրոնում բացվել է 15 աշխատատեղ, որոնք զբաղեցվել են բացառապես շուշեցիների կողմից, ովքեր վերապատրաստվել և աշխատանքային պրակտիկա են անցել Երևանի առաջատար զբոսաշրջային գործակալություններում և սպասարկման օբյեկտներում: 2009թ. գարնանից սկսած ՀՀ և ԼՂՀ առաջատար զբոսաշրջային գործակալությունների հետ համագործակցությամբ կկազմակերպվեն հատուկ շրջայցեր Շուշիում, այդ թվում և հետիոտնային, հեծանվային, հնագիտական, ազգագրական: 2009թ. գարնանից սկսած Կենտրոնում կազմակերպվելու է «Զբոսաշրջային տարին Շուշիում» ամենամյա միջոցառումների շարք, որում տեղ են գտնելու Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված տոնական ընդունելություններ ու համերգներ Կենտրոնին հարակից հրապարակում, ՀՀ և ԼՂՀ առաջատար տուրիստական գործակալությունների համաժողով, խոհարարական պրոֆեսիոնալ և սիրողական մրցույթ, «Ժինգյալով հացի» տոն-տոնավաճառ, «Ջդրդուզի օրը»՝ երիտասարդական տոն, սպորտային մրցումներ, մշակութային միամսյակ Շուշիում, այդ թվում և «Ոսկե Ծիրանը Շուխիում» կինոփառատոնը, «Խնդողնու տոն»՝ ԼՂՀ գինիների փորձարկմամբ: Կենտրոնի հիմնման արդյունքում վերականգնվել և գրավիչ տեսք է ստացել քաղաքի կենտրոնական շենքերից և հրապարակներից մեկը: Այս համալիրը հնարավորություն է ընձեռում Շուշիի այցելուներին քաղաքում անցկացնել մի ամբողջ հետաքրքիր օր, ինչը մինչ Կենտրոնի հիմնումը քաղաքում բացակայում էր: Ծրագրի նպատակն է Շուշիին տալ իր կարևոր տեղը տուրիստական քարտեզներում, բարձրացնել Շուշիի գրավչությունը զբոսաշրջիկների և ներդրողների համար, զարգացնել քաղաքի սպասարկման ոլորտը, վերականգնել քաղաքի ավանդական հարուստ խոհանոցը, ներքին ձևավորման միջոցով ցուցադրել քաղաքի վաղեմի փառքն ու զարգացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ծրագրով նախատեսված բոլոր ներդրումները՝ շենքի վերակառուցում, հարակից տարածքի բարեկարգում, արտաքին և ներքին հարդարում և ձևավորում, կահավորում և գույքավորում, աշխատակազմի վերապատրաստում և այլն իրականացվել են «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից:

Հաշվետվություն

Լուսանկարներ

Տեսանյութ