| Շուշիի լիարժեք վերածննդի համար պահանջվում է ոչ միայն ժամանակ, այլև համայն հայության համատեղ ջանքերը։ Ակնհայտ է նաև, որ ապագա լուրջ ներդրումների համար հարկավոր է համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում: Այս տեսակետից առանձնանում է Շուշիի ջրամատակարարման հիմնախնդիրը:
«Շուշի վերածնունդ» հիմնադրամը սկսել է ծավալուն ծրագրի իրագործում՝ «Շուշի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում», որը թույլ կտա լուծել Շուշիի ջրամատակարարման մշտական խնդիրը։
Շուշին այսօր կարող է զարգանալ որպես քաղաքակրթության և մշակույթի, զբոսաշրջության և հանգստի, ավանդական ազգագրական արհեստների վերակենդանացման կենտրոն:
Ժամանակին Շուշին ունեցել է բարեգործության հարուստ ավանդույթներ, որոնց շնորհիվ քաղաքում կառուցվել են մի շարք հոգևոր, մշակութային և կրթական նշանակության շենքեր, ինչպես նաև խիստ կենսական նշանակություն ունեցող և ժամանակի համար հազվագյուտ ջրատարը: Ջրապակաս Շուշին Թադևոս Թամիրյանցի շնորհիվ 1896թ. բարձրորակ խմելու ջուր է ստանում: Նրա միջոցներով կառուցվում է 18 վերստ երկարությամբ ջրատար, որը ջուրը հասցնելով քաղաք, բաժանում է ըստ թաղերի:
Այսօր ջրամատակարարումը Շուշի քաղաքի ամենահրատապ խնդիրներից է, որն է՛լ ավելի է վատթարացնում քաղաքում արդեն իսկ առկա բարդ կենցաղային պայմանները: Շուշին ավանդաբար խմելու ջրի խնդիր է ունեցել: Անկախ այն հանգամանքից, որ քաղաքի բնակչությունն այսօր չորս անգամ ավելի քիչ է, քան խորհրդային շրջանի վերջին տարիներին, բնակչության ջրամատակարարումը խիստ նվազել է քաղաքը սնուցող ջրագծի և բաշխման ցանցի վթարային վիճակի պատճառով:
Շուշիի շուրջօրյա անխափան ջրամատակարարման ապահովումը «Շուշի վերածնունդ» հիմնադրամի առաջնային խնդիրն է:
«Շուշի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում» ծրագրի իրագործման համար համաձայն հաստատված նախագծի անհրաժեշտ է 14կմ երկարությամբ տարբեր տրամաչափի և ճնշունակության խողովակներ: Ծրագրի շրջանակներում Հիմնադրամն արդեն իսկ որոշակի քանակությամբ խողովակ է ձեռքբերել և տեղափոխել Շուշի:
Մեկ կիլոմետր խողովակի և Շուշի տեղափոխման արժեքը մոտ հինգ միլիոն ՀՀ դրամ է:
«ԱրշԱնդ» ընկերության հետ համագործակցության շնորհիվ խողովակների ընդհանուր քանակը ձեռք կբերվի ինքնարժեքային գնով. քանակի 10%-ն ընկերությունը Հիմնադրամին կտրամադրի որպես նվիրատվություն:
Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը 2009թ. ապրիլից սկսել է ջրատար խողովակների ձեռքբերման և պարբերական տեղափոխման աշխատանքները:
|
|