Շուշիի տպագրատուն
«Ռենեսանս Գրաֆիքս»
Շուշիի վաղեմի հարուստ տպագրական ավանդույթների մասին են վկայում մեզ հասած գրքերն ու գրքույկները, տպագիր մամուլը, պաստառներն ու այլ նյութեր, որոնք տպագրվել են Շուշիի չորս տպագրատներում: Շուշին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի հրատարակչական և տպագրական կենտրոն է եղել: Ուստի այստեղ տպագրատան հիմնումը քաղաքի վաղեմի ավանդույթներից է բխում: Շուշիի Արվեստի, արհեստների և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի անմիջապես կողքին աշխատում է ժամանակակից տպագրատուն՝ «Ռենեսանս Գրաֆիքս», որի շնորհիվ Շուշին ստացավ լրացուցիչ ներդրում սպասարկման ոլորտում, և քաղաքն աստիճանաբար կվերականգնի ավանդական տպագրության կենտրոնի կարգավիճակը: Տպագրատունը համալրվել է բարձրորակ տպագրության ապահովման համար անհրաժեշտ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող եվրոպական ժամանակակից տպագրական սարքավորումներով։ Տպագրատանը բացվել է 6 աշխատատեղ, որոնք զբաղեցվել են բացառապես շուշեցիների կողմից, ովքեր վերապատրաստվել բարձրակարգ մասնագետների կողմից և տեղում անցել են աշխատանքային պրակտիկա: Ծրագիրը կրում է բարեգործական բնույթ, ինչը նշանակում է, որ ՀՀ և ԼՂՀ պետական կառույցները, այդ թվում Շուշիի վարչակազմն ու քաղաքապետարանը, հասարակական, մշակութային, մանկապատանեկան հիմնարկներն ու կազմակերպությունները հնարավորություն ունեն պատվիրել կամ ստանալ տպագրատան արդեն պատրաստի արտադրանքը անվճար: 2009թ. գարնանից սկսած «Ռենեսանս Գրաֆիքս»-ը շուկայականից ցածր գներով աշխատելու է նաև այլ պատվիրատուների հետ, ինչի արդյունքում գոյացած շահույթն ուղղվելու է Հիմնադրամի ծրագրերի իրագործմանն ու Շուշիի ենթակառուցվածքի զարգացմանը: Ծրագրով նախատեսված բոլոր ներդրումները՝ տարածքի վերանորոգում, կահավորում և գույքավորում, տպագրական սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, աշխատակազմի վերապատրաստում և այլն իրականացվել են «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից:

Հաշվետվություն

Լուսանկարներ

Տեսանյութ